CONTACT

    November 21, 2024

    8:57 pm

    Արցախի կառավարության տեղեկագիր – շրջափակման 81-րդ օր

    Ադրբեջանական կողմը Մարտունու շրջանում կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ


    Փետրվարի 28-ին ժամը 16:55-ի սահմաններում ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակահերթեր են արձակվել Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 53-ամյա Ա. Ավանեսյանի ուղղությամբ, ով Բերդաշեն գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասում «Ջոնդեր» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում: 

    Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է նաև մարտի 1-ին։ Մասնավորապես, ժամը 14:00-ի սահմաններում, Բերդաշեն գյուղի «Դավալա» կոչվող տեղամասում ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից կրակահերթ է արձակել «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող՝ Բերդաշեն համայնքի 59-ամյա Ս. Վարդանյանի ուղղությամբ: Երկու դեպքում էլ գյուղատնտեսական աշխատանքները ստիպված դադարեցվել են:

    Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում նյութեր են նախապատրաստվել և ներկայացվել ռուսական խաղաղապահ զորակազմին։

    Արցախի ԱԳՆ-ն տարածել է մեկնաբանություն՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ


    Մարտի 1-ին, Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարի միջնորդությամբ, կայացել է Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հերթական հանդիպումը։

    Հանդիպման ընթացքում քննարկվել են հումանիտար բնույթի հարցեր` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անհապաղ բացման անհրաժեշտության համատեքստում։ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տարբեր մակարդակով նման հանդիպումներ անցկացվել են բազմիցս՝ տեխնիկական, հումանիտար և ենթակառուցվածքային հարցերի քննարկման նպատակով։ 

    Արցախի Հանրապետության քաղաքական կարգավիճակին վերաբերող հարցեր հանդիպման մասնակիցները չեն քննարկել։ Հանդիպման արդյունքներով ադրբեջանական կողմի արած մեկնաբանություններն իրականությանը չեն համապատասխանում։ Արցախի Հանրապետությունը պահպանում է հանձնառությունն իր ժողովրդի՝ ինքնորոշման և անկախության ուղու ընտրությանը, որն ամրագրվել է 1991 թ․ հանրաքվեի ժամանակ։

    Անհետաձգելի հարցերի լուծման, մասնավորապես, Արցախի ապաշրջափակման նպատակով կազմակերպվող նմանատիպ քննարկումները չեն կարող փոխարինել լիարժեք խաղաղ բանակցություններին, որոնք անհրաժեշտ են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար։ Ելնում ենք միջազգային միջնորդական ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունից՝ որպես խաղաղ գործընթացի անշրջելիության կարևոր երաշխիք։ Կրկին ընդգծում ենք, որ Արցախի Հանրապետության դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի ապօրինի կիրառման արդյունքները չեն կարող մեկնակետ լինել խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման ճանապարհին, մնում է անփոփոխ։

    Արցախի ՄԻՊ-ն ու  «Թաթոյան» հիմնադրամը հրապարակել են համատեղ զեկույց, որում ներկայացված են շրջափակման հետևանքով Արցախի երեխաների իրավունքների խախտումները


    Զեկույցն անդրադառնում է ադրբեջանական անօրինական վարքագծի հետևանքով Արցախի երեխաների համար ստեղծված առողջական, հոգեբանական, սոցիալական խնդիրներին։

    81 օր շարունակվող շրջափակման և դրան զուգահեռ կենսական նշանակության ենթակառուցվածքների՝ գազամատակարարման ու էլեկտրամատակարարման դիտավորյալ խափանումների հետևանքով Արցախի 30 000 երեխաներն անցնում են զրկանքների միջով, որը խաթարում է նրանց՝ անվտանգ ու ապահով միջավայրում ապրելու և զարգանալու հնարավորությունը։ 

    Զեկույցն ուղարկվել է երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին և կազմակերպություններին։ Երեխայի լավագույն շահի հետ անհամատեղելի այս իրավիճակը պահանջում է այդ կառույցների առաջնահերթ ուշադրությունն ու անհապաղ ներգրավվածությունը։

    Նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության նորանշանակ պետական նախարարին


    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ մարտի 1-ին տեղի է ունեցել կառավարության նիստ։ Երկրի ղեկավարը նիստի մասնակիցներին է ներկայացրել Արցախի Հանրապետության նորանշանակ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանին։ 

    Իր խոսքում նախագահ Հարությունյանը նշել է, որ պետնախարարն ունենալու է լիազորությունների լայն շրջանակ, նրա համակարգման տակ են գործելու բոլոր նախարարությունները՝ բացառությամբ արտաքին, պաշտպանության ու ներքին գործերի նախարարությունների, իր համակարգման ոլորտներում ունենալու է կադրային քաղաքականությունը մշակելու և վարելու ազատություն։ 

    Գուրգեն Ներսիսյանին է փոխանցվելու նաև Արցախի ներդրումային և գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդների նախագահությունը։

    Նախագահ Հարությունյանն ընդունել է Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներին


    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 1-ին ընդունել է Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներին։ 

    Երկրի ղեկավարը արդյունավետ աշխատանք է մաղթել խորհրդի նորանշանակ կազմին և նախագահի պարտականությունները ստանձնած Սամվել Բալայանին՝ հույս հայտնելով, որ նրանց գործունեությունը կխթանի հեռուստառադիոընկերության աշխատանքների արդյունավետության բարձրացմանը և Արցախում տեղեկատվական դաշտի զարգացմանը:

    Պետնախարար Գուրգեն Ներսիսյանը խորհրդակցություն է հրավիրել Ստեփանակերտի քաղաքապետի ու վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ


    Պետնախարարը նշել է, որ տարածքային համաչափ զարգացումը ԱՀ կառավարության առաջնահերթությունների թվում է և պարենային, էներգետիկ անվտանգության ու ռազմավարական նշանակության այլ հարցերում հաջողություներ ունենալու հիմնական պայմանն արդյունավետ կառավարումն է:

    Որպես առաջնահերթություն՝ անդրադարձ է կատարվել գարնանացան աշխատանքների ընթացքին: Քննարկվել են դիզվառելիքի պահանջվող ծավալի և սերմացուների ձեռքբերման ու մատակարարումներն ապահովելու հարցեր:

    Օրվա վիճակագրական թարմացումներ

    1 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

    7 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

    Արդեն 314 երեխա ծնվել է շրջափակման մեջ:

    Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 760 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

    Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 135 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

    755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

    Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ 

    Ավելի քան 32,000 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

    Կարևոր փաստեր
    Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը։ ՄԱԿ—ի Արդարադատության միջազգային դատարանը (Հաագա) քննարկել է այն Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում և պարտավորեցրել Ադրբեջանին ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Եվրոպական խորհրդարանում Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների մասին բանաձև է ընդունվել։

    https://mailchi.mp/543bb49169ae/day81am

    Կարող եք կարդալ

    Un nouveau gouvernement en faveur de l’Arménie et de l’Artsakh

    Mardi 24 septembre 2024 à Paris – Le week-end dernier a été annoncé la composition du nouveau gouvernement. Le Cercle d’Amitié France-Artsakh se réjouit de retrouver de nombreux amis de l’Arménie et de l’Artsakh (Haut-Karabagh) au sein de ce gouvernement auquel il adresse tous ses vœux de succès. Le Premier ministre, Michel Barnier est un fervent défenseur […]

    Կարդալ

    Ֆրանսայի նոր կառավարութիւնը՝ Հայաստանի ու Արցախի նպաստաւոր

    ՖՐԱՆՍԱ-ԱՐՑԱԽ ԲԱՐԵԿԱՄՈՒԹԵԱՆ ՇՐՋԱՆԱԿԻ ՄԱՄԼՈՅ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ Երեքշաբթի, Սեպտեմբեր 24, Փարիզ – Անցեալ շաբաթավերջին յայտնի դարձաւ նոր կառավարութեան կազմը։ Ֆրանսա-Արցախ բարեկամութեան շրջանակը ուրախ է այս կառավարութեան կազմին մէջ գտնելով Հայաստանի եւ Արցախի բազմաթիւ բարեկամներ, որոնց կը յայտնէ յաջողութեան իր ջերմ մաղթանքները։ Վարչապետ Միշէլ Պարնիէ Հայաստանի ու Արցախի ջերմեռանդ պաշտպանն է. ան այցելած է Հայաստան ու Արցախ 2021 Դեկտեմբերին՝ […]

    Կարդալ

    Armenian MFA: Displacement was the last stage of ethnic cleansing policy

    Yerevan /Mediamax/. The Ministry of Foreign Affairs of Armenia issued a statement on the occasion of the anniversary of the forced displacement of Armenians from Artsakh as a result of Azerbaijan’s military attack. The statement of the Foreign Ministry says: A year ago, on September 19, as a result of the military attack by Azerbaijan, […]

    Կարդալ