CONTACT

    November 21, 2024

    8:53 pm

    Արցախի կառավարության տեղեկագիր – շրջափակման 89-րդ օր

    Պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիների համար կառուցվող տների շինարարությունը գրեթե դադարեցված է

    Արցախի Հանրապետության պետբյուջեի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածքում  կառուցվող 107 առանձնատների շինարարությունը,  շրջափակմամբ պայմանավորված, գրեթե դադարեցված է։

    Առանձնատների մեծ մասի շինարարությունն ավարտման փուլում է, բայց շինանյութի պակասի պատճառով այս պահի դրությամբ աշխատանքները,  ինչպես նաև արտաքին ենթակառուցվածքների կառուցումը, գրեթե չեն իրականացվում։ Եթե չլիներ շրջափակումը, ապա առաջին 40 առանձնատները  շահագործման կհանձնվեին արդեն իսկ անցած տարեվերջին և 2023 թվականի սկզբին։ 

    Ադրբեջանցիների կողմից արգելափակված ճանապարհի բացվելու դեպքում թաղամասի շինաշխատանքները կվերսկսվեն, և շատ կարճ ժամկետում  կառուցված առաջին  տները կհանձնվեն շահագործման։

    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ Արցախի ՊՆ


    Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները  մարտի 8֊ի ժամը 21։30-ից մարտի 9-ի ժամը 04։15-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու, Ասկերանի և Քաշաթաղի  շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

    Արցախի ԱԳՆ-ն տարածել է մեկնաբանություն՝ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության վերաբերյալ


    Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն այն մասին, թե իբր նույն օրը՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ուղեկցությամբ, Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհով անցել է Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյուն։

    Այս կապակցությամբ հարկ ենք համարում ընդգծել, որ Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում և հանդիսանում է ադրբեջանական կողմի՝ միջազգային հանրությանը մոլորեցնելուն ուղղված հերթական կեղծիք:

    Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց


    Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է զեկույց Ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից 2023 թվականի մարտի 5-ին իրականացված ահաբեկչական գործողության մասին։

    Զեկույցը պատրաստվել է բաց և փակ տարբերակով` հայերեն և անգլերեն։ Այն ուղարկվել է միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպան կառույցներին։

    Արցախի կառավարությունում մի շարք կադրային փոփոխություններ են կատարվել


    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 8-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնց համաձայն՝ Հրանտ Սաֆարյանն ազատվել է ԱՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնից: ԱՀ գյուղատնտեսության նախարար է նշանակվել Գեորգի Հայրիյանը:

    Արմեն Մանգասարյանն ազատվել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պաշտոնից, և նախարար է նշանակվել Վահրամ Առաքելյանը:

    Արամ Սարգսյանն ազատվել է ԱՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնից: ԱՀ քաղաքաշինության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է նախարարի տեղակալ Ազատ Համբարձումյանին:

    Հանրապետության նախագահի ավելի վաղ հաստատած Կառավարության որոշումների համաձայն՝ Գեորգի Հայրիյանն ազատվել էր ԱՀ ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից, որի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արարատ Խաչատրյանին, իսկ Վահրամ Առաքելյանն ազատվել էր ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի տեղակալի պաշտոնից:

    Օրվա վիճակագրական թարմացումներ

    Արդեն 338 երեխա ծնվել է շրջափակման մեջ:

    Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 820 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

    Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 153 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում:

    755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

    Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 6,400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ 

    Ավելի քան 35,600 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը` շուրջ 2,530 տոննա ապրանք՝ գերակշիռ մասը սնունդ ու դեղորայք: 

    Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 160 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով ավելի քան 17 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:

    Կարևոր փաստեր

    Շրջափակման պայմաններում սննդի սղության պատճառով հունվարի 9-ից մասնակի է աշխատում 20 երկարօրյա ուսումնական հաստատություն, իսկ տարբեր ժամանակահատվածներում՝ լրիվությամբ կամ մասնակիորեն դադարել էին նաև մանկապարտեզների ու դպրոցների աշխատանքները։ 

    Շրջափակման հենց սկզբից կտրուկ պակասեցին և այնուհետև բացակայեցին մի շարք սննդատեսակներ, հատկապես՝ բանջարեղենի ու մրգերի գրեթե բոլոր տեսակները, քանի որ դրանք ներկրվում էին Հայաստանից: Հաշվի առնելով սննդամթերքի սղությունը ՝ Արցախում հունվարի 20-ից գործում է հատուկ կտրոնային համակարգ, որի շրջանակներում սահմանափակ ծավալով վաճառվում են՝ մակարոնեղեն, հնդկաձավար, բրինձ, շաքարավազ, ձեթ, միրգ, բանջարեղեն, ձու, ինչպես նաև՝ ոչ պարենային ապրանքատեսակներից լվացքի փոշի:

    Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում կտրված է Հայաստան-Արցախ միակ բարձրավոլտ էլեկտրագիծը, և ադրբեջանական կողմը թույլ չի տալիս Արցախի մասնագետներին մուտք գործել և վերականգնել էլեկտրամատակարարումը: Հաշվի առնելով, որ էլեկտրաէներգիայի ներքին արտադրության ծավալները շատ ավելի քիչ են, քան՝ սպառումը, իսկ Սարսանգի ջրամբարի ջրային պաշարներն էլ գնալով նվազում են՝ հունվարի 10-ից Հանրապետությունն անցել է 2-ժամյա հովհարային անջատումների, հունվարի 17-ից՝ 4-ժամյա, իսկ հունվարի 21-ից՝ 6-ժամյա:


    Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը։ ՄԱԿ—ի Արդարադատության միջազգային դատարանը (Հաագա) քննարկել է այն Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում և պարտավորեցրել Ադրբեջանին ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Եվրոպական խորհրդարանում Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների մասին բանաձև է ընդունվել։

    https://mailchi.mp/3ebf3b264664/day89am

    Կարող եք կարդալ

    Un nouveau gouvernement en faveur de l’Arménie et de l’Artsakh

    Mardi 24 septembre 2024 à Paris – Le week-end dernier a été annoncé la composition du nouveau gouvernement. Le Cercle d’Amitié France-Artsakh se réjouit de retrouver de nombreux amis de l’Arménie et de l’Artsakh (Haut-Karabagh) au sein de ce gouvernement auquel il adresse tous ses vœux de succès. Le Premier ministre, Michel Barnier est un fervent défenseur […]

    Կարդալ

    Ֆրանսայի նոր կառավարութիւնը՝ Հայաստանի ու Արցախի նպաստաւոր

    ՖՐԱՆՍԱ-ԱՐՑԱԽ ԲԱՐԵԿԱՄՈՒԹԵԱՆ ՇՐՋԱՆԱԿԻ ՄԱՄԼՈՅ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ Երեքշաբթի, Սեպտեմբեր 24, Փարիզ – Անցեալ շաբաթավերջին յայտնի դարձաւ նոր կառավարութեան կազմը։ Ֆրանսա-Արցախ բարեկամութեան շրջանակը ուրախ է այս կառավարութեան կազմին մէջ գտնելով Հայաստանի եւ Արցախի բազմաթիւ բարեկամներ, որոնց կը յայտնէ յաջողութեան իր ջերմ մաղթանքները։ Վարչապետ Միշէլ Պարնիէ Հայաստանի ու Արցախի ջերմեռանդ պաշտպանն է. ան այցելած է Հայաստան ու Արցախ 2021 Դեկտեմբերին՝ […]

    Կարդալ

    Armenian MFA: Displacement was the last stage of ethnic cleansing policy

    Yerevan /Mediamax/. The Ministry of Foreign Affairs of Armenia issued a statement on the occasion of the anniversary of the forced displacement of Armenians from Artsakh as a result of Azerbaijan’s military attack. The statement of the Foreign Ministry says: A year ago, on September 19, as a result of the military attack by Azerbaijan, […]

    Կարդալ