CONTACT

    May 16, 2024

    5:54 pm

    Արցախի կառավարության տեղեկագիր – շրջափակման 93-րդ օր

    Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախը սնուցող միակ գազատար խողովակը 

    Շրջափակման պայմաններում ադրբեջանական կողմը մարտի 10-ին հերթական անգամ արգելափակել է Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով  բնական գազի օգտագործման հնարավորությունից։ 

    Վառելիքի խիստ սղության և էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների պայմաններում գազամատակարարման հերթական արգելափակումը հարվածում է ինչպես սովորական քաղաքացիներին, որոնք բնական գազն օգտագործում են նաև սննդի պատրաստման, բնակարանների տաքացման և այլ առաջնային կարիքների բավարարման համար, այնպես էլ մարդասիրական ծառայություն իրականացնող պետական ծառայություններին` իրենց առաքելության կատարման գործում։ 

    Ադրբեջանական կողմը, պարբերաբար արգելափակելով, ապա որոշ ժամանակ անց վերականգնելով գազամատակարարումը, նպատակ ունի հումանիտար ճգնաժամը խորացնելուց բացի, նաև ձևավորել Արցախի ժողովրդի մոտ անորոշության զգացողություն, գործադրել լրացուցիչ հոգեբանական ճնշում։

    Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարը


    Ինչպես հայտնել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը, մարտի 10֊ին  ժամը 19։10֊ից ժամը 19։40֊ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի   հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։

    Հրադադարի խախտման հետևանքով արցախյան կողմից տուժածներ չկան։

    Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

    Մարտի 10-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 16 հիվանդ տեղափոխվել է Հայաստան


    Եվս 13 բուժառու, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

    Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը շարունակում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։

    Մարտի 13-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 169 հիվանդ:

    Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել


    Մի քանի օրից կլրանա Արցախի Հանրապետության 120 հազար բնակչությանը Ադրբեջանի կողմից շրջափակելու 100 օրը: Արհամարհելով Արցախի ապաշրջափակման վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի որոշումը` Ադրբեջանի ղեկավարությունն ուժի սպառնալիքով և կիրառմամբ շարունակում է Արցախը հայաթափելու քաղաքական ուղեգիծը:

    Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը քարոզչական տարբեր հնարքներով ապատեղեկացնում է սեփական հանրությանն ու միջազգային կառույցներին՝ նպատակ ունենալով Արցախի ժողովրդի դեմ կիրառվող հումանիտար ճնշումների և ահաբեկումների պայմաններում պատրանք ստեղծել «խաղաղության դարաշրջանի» մասին:

    Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները, արտահայտելով ժողովրդի կամքն ու դիրքորոշումը, պահանջում են  Հայաստանի Հանրապետության իշխանություններից հավատարիմ մնալ   ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը և կասկածի տակ չդնել  Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

    Նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մարտի 12-ին կայացել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ


    Երկրի ղեկավարն իր խոսքում նշել է, որ շրջափակման հարուցած մարտահրավերները շարունակում են գոյություն ունենալ, իսկ մարտի 10-ին Հայաստանից մատակարարվող բնական գազի խողովակաշարի հերթական արգելափակումն Արցախում հումանիտար ճգնաժամի խորացմանն ուղղված հերթական քայլն է:

    Նախագահ Հարությունյանը ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Արցախի ժողովրդի 91-օրյա շրջափակման վրա: Նա ընդգծել է, որ Արցախի Հանրապետությունը փորձում է վերացնել 2020թ.-ի պատերազմի ծանր հետևանքները, սակայն այժմ առերեսվել է շրջափակմամբ և ուժի կիրառման սպառնալիքով պայմանավորված նոր ծանր մարտահրավերների:

    Պետական նախարարը ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել քաղպաշտպանության աշխատանքների համակարգման ուղղությամբ


    Պետական նախարարը նշել է, որ անհրաժեշտ է հստակեցնել քաղպաշտպանության պլանով նախատեսված կարճաժամկետ և երկարաժամկետ անելիքները, որպեսզի բոլոր իրավիճակներում պատշաճորեն ապահովվի բնակչության անվտանգությունը։

    Հանդիպման ընթացքում զեկուցվել է ապաստարանների վիճակի, ինչպես նաև քաղպաշտպանության պլանով նախատեսված միջոցառումների մասին։ Պետական նախարարը նշել է, որ անհրաժեշտ է ամենասեղմ ժամկետում ներկայացնել կատարման ենթակա աշխատանքների ցանկը՝ համապետական միջոցառում պլանավորելու և պետական կառավարման համակարգում աշխատող անձանց ու քաղաքացիների ուժերի մեկտեղմամբ այդ աշխատանքները կատարելու համար:

    Արցախի ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի կողմից տարածված ապատեղեկատվության վերաբերյալ


    Սաբինա Ալիևան միտումնավոր ապատեղեկատվություն է տարածում և անհիմն հայտարարություններ անում Հայաստանից Արցախ իբր ռազմամթերքի և զորքերի տեղափոխման մասին՝ առանց հիմնավոր փաստեր ներկայացնելու։ 

    «Զինամթերքի փոխադրման» փաստարկն Ադրբեջանի կառավարության կողմից պատրաստված ևս մեկ բացահայտ սուտ է, որն Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի կողմից օգտագործվում է որպես գործիք՝ շարունակվող շրջափակումը և ադրբեջանական դիվերսիոն խմբի վերջին ահաբեկչությունը քողարկելու համար։ Նման ստերը պատրվակ են ծառայում ապագայում նոր հարձակումների հող նախապատրաստելու համար։

    Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կողմից արված հայտարարության կապակցությամբ


    Արցախ ԱԳՆ-ն ի գիտություն է ընդունել Տոյվո Կլաարի կողմից 2023 թվականի մարտի 9-ին սոցիալական ցանցերում արված գրառումը: Այդուհանդերձ, մարտի 8-ին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված իրավիճակի վերաբերյալ նրա արտահայտությունները լուրջ հարցեր են առաջացնում չեզոք միջնորդի կարգավիճակին դրանց համապատասխանության առումով:

    Եթե ԵՄ հատուկ ներկայացուցիչն իսկապես մտահոգված է տարածաշրջանում լարվածությունը սրող գործողություններով, ապա խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել Ադրբեջանի ռազմական սադրանքներին, ագրեսիվ և ռազմատենչ հայտարարություններին, ինչպես նաև Արցախի օկուպացված տարածքներում նոր զորամասերի և այլ ռազմական ենթակառուցվածքների տեղակայմանը։

    Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է հերթական հանդիպում անցկացնելու ադրբեջանական առաջարկին


    Ի պատասխան Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպում անցկացնելու մասին Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի առաջարկի՝ հայտնում ենք, որ Արցախի Հանրապետությունը հավատարիմ է նախկինում հայտնած իր դիրքորոշմանն առ այն, որ նման հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայրում՝ ինչպես ս.թ. մարտի 1-ին, հումանիտար, ենթակառուցվածքային, տեխնիկական հարցերի շուրջ, առանց դրանց անհարկի քաղաքականացման:

    Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Լաչինի միջանցքի փակ լինելն ու հումանիտար ճգնաժամի շարունակումն անընդունելի են և ոչ մի կերպ չեն նպաստում բանակցային բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը։ Համոզված ենք, որ Ադրբեջանը պետք է պատշաճ կերպով իրականացնի ինչպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանի որոշման պահանջները՝ զերծ մնալով ուժի կամ ուժի սպառանլիքի կիրառումից և միակողմանի, առավելապաշտական մոտեցումներից: Այդ դեպքում միայն նպաստավոր պայմաններ կստեղծվեն հետագա քննարկումների համար:

    Ինչ վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերին, ապա հիշեցնենք, որ Արցախը հավատարիմ է հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցություններին, որոնք պետք է տեղի ունենան միջազգայնորեն ճանաչված և հաստատված ձևաչափով՝ կողմերի հավասար իրավունքների և ստանձնած պարտավորությունների կատարման միջազգային երաշխիքների առկայության պայմաններում:

    Օրվա վիճակագրական թարմացումներ

    Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 850 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

    Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 169 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում:

    755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

    Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 6,400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ 

    Ավելի քան 36,400 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը` շուրջ 2,530 տոննա ապրանք՝ գերակշիռ մասը սնունդ ու դեղորայք: 

    Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 170 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 19 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:

    Կարևոր փաստեր

    Շրջափակման պայմաններում սննդի սղության պատճառով հունվարի 9-ից մասնակի է աշխատում 20 երկարօրյա ուսումնական հաստատություն, իսկ տարբեր ժամանակահատվածներում՝ լրիվությամբ կամ մասնակիորեն դադարել էին նաև մանկապարտեզների ու դպրոցների աշխատանքները։ 

    Շրջափակման հենց սկզբից կտրուկ պակասեցին և այնուհետև բացակայեցին մի շարք սննդատեսակներ, հատկապես՝ բանջարեղենի ու մրգերի գրեթե բոլոր տեսակները, քանի որ դրանք ներկրվում էին Հայաստանից: Հաշվի առնելով սննդամթերքի սղությունը ՝ Արցախում հունվարի 20-ից գործում է հատուկ կտրոնային համակարգ, որի շրջանակներում սահմանափակ ծավալով վաճառվում են՝ մակարոնեղեն, հնդկաձավար, բրինձ, շաքարավազ, ձեթ, միրգ, բանջարեղեն, ձու, ինչպես նաև՝ ոչ պարենային ապրանքատեսակներից լվացքի փոշի:

    Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում կտրված է Հայաստան-Արցախ միակ բարձրավոլտ էլեկտրագիծը, և ադրբեջանական կողմը թույլ չի տալիս Արցախի մասնագետներին մուտք գործել և վերականգնել էլեկտրամատակարարումը: Հաշվի առնելով, որ էլեկտրաէներգիայի ներքին արտադրության ծավալները շատ ավելի քիչ են, քան՝ սպառումը, իսկ Սարսանգի ջրամբարի ջրային պաշարներն էլ գնալով նվազում են՝ հունվարի 10-ից Հանրապետությունն անցել է 2-ժամյա հովհարային անջատումների, հունվարի 17-ից՝ 4-ժամյա, իսկ հունվարի 21-ից՝ 6-ժամյա:


    Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը։ ՄԱԿ—ի Արդարադատության միջազգային դատարանը (Հաագա) քննարկել է այն Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում և պարտավորեցրել Ադրբեջանին ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Եվրոպական խորհրդարանում Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների մասին բանաձև է ընդունվել։

    https://mailchi.mp/df59ed44669e/day93am

    Կարող եք կարդալ

    Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը

    «Կասեցնել օկուպացված Արցախի բնակեցումը թուրքերով, ապահովել արցախցիների վերադարձը»․ պահանջ՝ ԵԱՀԿ գործող նախագահին

    Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ այսօր բողոքի ցույց են արել արցախցիները, նաեւ իրավապաշտպաններ ու հանրային գործիչներ՝ իրենց ձայնն ուղղելով Հայաստան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջեին։ Ցույցի մասնակիցները պարզել են «Պահանջում ենք արցախցիների վերադարձ հայրենիք» գրությամբ պաստառներ։ Նրանք պահանջում են Արցախից բռնի տեղահանված փախստականների վերադարձի ապահովում։ […]

    Կարդալ

    In Nagorno-Karabakh, Ilham Aliyev implemented this strategy in clear view of the international community. | Anthony Pizzoferrato/Middle East Images/AFP via Getty Images

    The ICC should consider the new Armenian genocide petition

    This isn’t just about the Armenian community in Nagorno-Karabakh — it’s focused on different forms of genocide committed against Armenians in Armenia itself. MAY 10, 2024  BY LUIS MORENO OCAMPO Luis Moreno Ocampo was the first Chief Prosecutor of the International Criminal Court. December 2023 marked the 75th anniversary of the Genocide Convention’s adoption. And yet, here […]

    Կարդալ

    Սամվել Շահրամանյանն այցելել է Եռաբլուր պանթեոն. Նրան ուղեկցել են Արցախի պաշտոնյաներ, պատգամավորներ

    Այսօր՝ մայիսի 9-ի առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոն է այցելել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը: Նրան ուղեկցել են Արցախի կառավարության անդամներ, Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ, հոգեւորականներ, այդ թվում Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը: Վերջիններս տերունական աղոթք են հնչեցրել: Սամվել Շահրամանյանը չպատասխանել լրագրողների հարցերին: Հիշեցնենք` մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել` Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային […]

    Կարդալ