CONTACT

    May 15, 2024

    9:21 pm

    Արցախի կառավարության տեղեկագիր – շրջափակման 103-րդ օր

    Ադրբեջանական կողմը կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ

    Ինչպես հաղորդել է Արցախի ՆԳՆ Ոստիկանությունը՝ մարտի 22-ին, առավոտյան ժամը 09:30-ի սահմաններում,  Ճարտար քաղաքի 7 բնակիչ «Կլազին ձոր» կոչվող տեղամասում գտնվող խաղողայգիներում գյուղատնտեսական  աշխատանքներ կատարելիս, հայտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում:

    Խաղողայգիներին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից, քաղաքացիական անձանց ուղղությամբ հրաձգային տարբեր զինատեսակներից անկանոն կրակ է բացվել, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին:

    Վերջին օրերին ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը՝ կրակելով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչների ուղղությամբ։

    Ադրբեջանական կողմը հերթական անգամ արգելափակել է Արցախ մտնող միակ գազատար խողովակի աշխատանքը՝ զրկելով բնակչությանը գազամատակարարումից


    Շրջափակման պայմաններում ադրբեջանական կողմը մարտի 21-ի կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով  բնական գազի օգտագործման հնարավորությունից։ 

    Վառելիքի խիստ սղության և էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների պայմաններում գազամատակարարման հերթական խափանումը հարվածում է ինչպես սովորական քաղաքացիներին, որոնք բնական գազն օգտագործում են նաև սննդի պատրաստման, բնակարանների ջեռուցման և այլ առաջնային կարիքների բավարարման համար, այնպես էլ մարդասիրական ծառայություն իրականացնող պետական ծառայություններին` իրենց առաքելության կատարման գործում։

    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել


    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր հայկական կողմը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, զորք և զինամթերք է տեղափոխել Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր անտառային ճանապարհով:

    Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ իրականում, խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ այդ ճանապարհով տեղի է ունենում միայն քաղաքացիական անձանց և հումանիտար բեռների տեղափոխություն Արցախի բնակավայրերի միջև: Ռուս խաղաղապահները կատարել են իրենց գործառույթը՝ ամրագրված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Հաշվի առնելով մարտի 5-ի դիվերսիոն հարձակումը Արցախի ոստիկանների վրա և առաջացած լրացուցիչ անվտանգային ռիսկերը՝ ռուսական կողմն  ապահովել է քաղաքացիական անձանց ու բեռների անվտանգ տեղաշարժը:

    Շրջափակման պատճառով առողջապահության համակարգը գործում է խիստ սահմանափակումներով` առերեսվելով լրջագույն խնդիրների հետ․ իրավիճակը ներկայացրել են առողջապահության ոլորտի պատասխանատուները

    Առկա է դեղորայքի և բժշկական պարագաների խիստ սղության խնդիրը, ինչի պառճառով դադարեցված են մնում բոլոր պլանային վիրահատությունները․ պահեստային դեղորայքն ուղղվում է միայն սուր դեպքերի համար։ 

    Կարմիր Խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ հնարավոր դարձավ քիչ քանակով դեղերի և բժշկական նշանակության պարագաների ներմուծումը, բայց իրավիճակը մնում է կրիտիկական։ 

    Արցախում զգալի է նեղ մասնագետների պակասը, սակայն շրջափակման պատճառով պետական և բարեգործական ծրագրերի շրջանակներում հրավիրված մասնագետների այցելությունն Արցախ անհնար է։ 

    Միջանցքով ազատ տեղաշարժվելու հնարավորությունից զրկված են նաև պարբերաբար Հայաստանում բուժում ստացող հիվանդները․ նրանց կարող է տեղափոխել միայն ԿԽՄԿ-ն։ Հարյուրավոր հիվանդներ դեռ սպասում են իրենց հերթին, շատերը՝ վերակենդանացման բաժանմունքներում։ 

    ԿԽՄԿ մեքենաներով տեղափոխվում են այն հիվանդները, որոնց հնարավոր է միայն նստած վիճակում տեղափոխել, իսկ ծանր հիվանդները կարող են գտնվել կոմայի մեջ, երկար ժամանակ միացված լինել արհեստական շնչառության սարքերին, ինչն անհնար է դարձնում նրանց՝ նստած վիճակում տեղափոխելը։

    Մարտի 21-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 9 հիվանդ տեղափոխվել է Հայաստան


    Եվս 9 բուժառու, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

    Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը շարունակում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։

    Մարտի 23-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 203 հիվանդ:

    Կայացել է «Արցախ. շրջափակման 100 օր» պաշտոնական տեսակամուրջ-ասուլիսը


    Արցախի Հանրապետության կառավարության տեղեկատվական կենտրոնը մարտի 23-ին կազմակերպել է մամուլի ասուլիս՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 100-րդ օրվա առթիվ՝ ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի և արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանի հեռավար մասնակցությամբ: 

    Բանախոսները ներկայացրել են դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի  կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի (Լաչինի միջանցքի) արգելափակման հետևանքով ստեղծված անվտանգային ու մարդասիրական ճգնաժամը, ինչպես նաև համապատասխան պաշտոնական դիրքորոշումներ ու գնահատականներ իրավիճակի վերաբերյալ:

    Արցախի ՄԻՊ-ը մարտի 20-22-ը Արգենտինայում մասնակցել է մարդու իրավունքների համաշխարհային երրորդ ֆորումին


    Ֆորումի շրջանակներում կազմակերված «Մարդու իրավունքների խախտումներն ու ցեղասպանության սպառնալիքները» խորագրով քննարկմանը Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում և դրանից հետո իրականացված ռազմական հանցագործությունները, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները։

    Մարտի 23-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստ


    Պատգամավորները քննարկել են ԱՀ Սահմանադրության փոփոխությունը, որը ներկայացվել է երկրորդ ընթերցմամբ: ԱԺ գլխադասային՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ առաջարկություն չի ստացել: Խորհրդարանը քվեարկությամբ միաձայն հավանություն է տվել Սահմանադրական փոփոխությանը:

    ԱԺ նախագահը ներկայացրել է փոփոխության Սահմանադրությանը համապատասխանելիությունը որոշելու հարցով Գերագույն դատարան դիմելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը: 32 կողմ ձայնով այն հավանության է արժանացել: Հարցի քննարկումը ընդհատվել է մինչև Գերագույն դատարանից պատասխան ստանալը:

    Արցախի Հանրապետության պետական նախարարը մարտի 22-ին ընդունել է նախագահին կից գործող Հանրային խորհրդի անդամներին


    Հանդիպման ընթացքում պետնախարարը նշել է, որ ներկայիս ծանր շրջանում Հանրային խորհրդի աշխատանքների առանցքը պետք է լինի հանրային պատշաճ վերահսկողությունը, ինչպես նաև ընդգծել է Հանրային խորհրդի արդյունավետության բարձրացման կարևորությունը, շեշտել, որ այն որպես խորհրդատվական մարմին առաջնահերթորեն պետք է ապահովի պետության և հասարակության միջև երկխոսությունը: 

    Նույն օրը պետնախարարն ընդունել է նաև «Արցախի պահեստազորի սպաներ» ՀԿ անդամներին։ Պետնախարարը լսել է Արցախի պահեստազորի սպաներին մտահոգող խնդիրները, որոնք վերաբերում էին անվտանգությանը, երկրում արդարության վերականգնմանը, սպաների ընտանիքների բնակարանային ապահովության հարցերին, սոցիալ-մշակութային ոլորտներում պետության որդեգրած քաղաքականությանը։

    Օրվա վիճակագրական թարմացումներ

    Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 930 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

    Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 203 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում։

    Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3,900 անձինք, ներառյալ՝ 570 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:

    Ստեփանակերտ-Գորիս մայրուղով ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 178 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (103 օրվա ընթացքում մարդկանց 252,350-ի փոխարեն՝ 1,376 մուտք և ելք):

    Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների մեքենաների շարժը գրեթե 43 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (103 օրվա ընթացքում 94,760-ի փոխարեն՝ 2,191 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից):

    Շուրջ 11 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (103 օրվա ընթացքում մոտ 41,200 տոննայի փոխարեն՝ 3,753 տոննա):

    Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 37 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 74 օր շարունակ: Դա հանգեցրել է օրական վեցժամյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:

    782 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 18.3%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

    Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 9,800 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։ 

    Դադարել են 32.6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։

    Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 190 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 21 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:

    Կարևոր փաստեր

    Շրջափակման պայմաններում սննդի սղության պատճառով հունվարի 9-ից մասնակի է աշխատում 20 երկարօրյա ուսումնական հաստատություն, իսկ տարբեր ժամանակահատվածներում՝ լրիվությամբ կամ մասնակիորեն դադարել էին նաև մանկապարտեզների ու դպրոցների աշխատանքները։ 

    Շրջափակման հենց սկզբից կտրուկ պակասեցին և այնուհետև բացակայեցին մի շարք սննդատեսակներ, հատկապես՝ բանջարեղենի ու մրգերի գրեթե բոլոր տեսակները, քանի որ դրանք ներկրվում էին Հայաստանից: Հաշվի առնելով սննդամթերքի սղությունը ՝ Արցախում հունվարի 20-ից գործում է հատուկ կտրոնային համակարգ, որի շրջանակներում սահմանափակ ծավալով վաճառվում են՝ մակարոնեղեն, հնդկաձավար, բրինձ, շաքարավազ, ձեթ, միրգ, բանջարեղեն, ձու, ինչպես նաև՝ ոչ պարենային ապրանքատեսակներից լվացքի փոշի:

    Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում կտրված է Հայաստան-Արցախ միակ բարձրավոլտ էլեկտրագիծը, և ադրբեջանական կողմը թույլ չի տալիս Արցախի մասնագետներին մուտք գործել և վերականգնել էլեկտրամատակարարումը: Հաշվի առնելով, որ էլեկտրաէներգիայի ներքին արտադրության ծավալները շատ ավելի քիչ են, քան՝ սպառումը, իսկ Սարսանգի ջրամբարի ջրային պաշարներն էլ գնալով նվազում են՝ հունվարի 10-ից Հանրապետությունն անցել է 2-ժամյա հովհարային անջատումների, հունվարի 17-ից՝ 4-ժամյա, իսկ հունվարի 21-ից՝ 6-ժամյա:


    Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը։ ՄԱԿ—ի Արդարադատության միջազգային դատարանը (Հաագա) քննարկել է այն Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում և պարտավորեցրել Ադրբեջանին ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Եվրոպական խորհրդարանում Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների մասին բանաձև է ընդունվել։

    https://mailchi.mp/e4eb3bf52c31/day103am

    Կարող եք կարդալ

    Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը

    «Կասեցնել օկուպացված Արցախի բնակեցումը թուրքերով, ապահովել արցախցիների վերադարձը»․ պահանջ՝ ԵԱՀԿ գործող նախագահին

    Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ այսօր բողոքի ցույց են արել արցախցիները, նաեւ իրավապաշտպաններ ու հանրային գործիչներ՝ իրենց ձայնն ուղղելով Հայաստան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջեին։ Ցույցի մասնակիցները պարզել են «Պահանջում ենք արցախցիների վերադարձ հայրենիք» գրությամբ պաստառներ։ Նրանք պահանջում են Արցախից բռնի տեղահանված փախստականների վերադարձի ապահովում։ […]

    Կարդալ

    In Nagorno-Karabakh, Ilham Aliyev implemented this strategy in clear view of the international community. | Anthony Pizzoferrato/Middle East Images/AFP via Getty Images

    The ICC should consider the new Armenian genocide petition

    This isn’t just about the Armenian community in Nagorno-Karabakh — it’s focused on different forms of genocide committed against Armenians in Armenia itself. MAY 10, 2024  BY LUIS MORENO OCAMPO Luis Moreno Ocampo was the first Chief Prosecutor of the International Criminal Court. December 2023 marked the 75th anniversary of the Genocide Convention’s adoption. And yet, here […]

    Կարդալ

    Սամվել Շահրամանյանն այցելել է Եռաբլուր պանթեոն. Նրան ուղեկցել են Արցախի պաշտոնյաներ, պատգամավորներ

    Այսօր՝ մայիսի 9-ի առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոն է այցելել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը: Նրան ուղեկցել են Արցախի կառավարության անդամներ, Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ, հոգեւորականներ, այդ թվում Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը: Վերջիններս տերունական աղոթք են հնչեցրել: Սամվել Շահրամանյանը չպատասխանել լրագրողների հարցերին: Հիշեցնենք` մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել` Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային […]

    Կարդալ