CONTACT

    May 15, 2024

    7:32 pm

    Արցախի կառավարության տեղեկագիր – շրջափակման 107-րդ օր

    1. Ադրբեջանական զինված ուժերը վերջին օրերին լուրջ սադրանքներ են իրականացրել Արցախի բնակչության նկատմամբ՝ խախտելով Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները

    Մարտի 24-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրենց կողմից Արցախում արձանագրվել է Ստեփանակերտ – Ղայբալիշեն – Լիսագոր նոր ճանապարհի շինարարության փաստը՝ ինժեներական և հատուկ տեխնիկայի ներգրավմամբ։ Ադրբեջանական կողմն այս փաստն օգտագործել է այն կեղծ համատեքստում, թե իբր հայկական կողմը նպատակ ունի օգտագործել նշված ճանապարհը զենք-զինամթերք տեղափոխելու նպատակով։ 

    Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այս կապակցությամբ հայտնել է, որ նշված ճանապարհն օգտագործվում է միայն ու միայն քաղաքացիական անձանց տեղաշարժի և հումանիտար բեռների  փոխադրման նպատակով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022թ․ դեկտեմբերի 12-ից ի վեր ադրբեջանական կառավարության գործակալները փակ են պահում Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Ստեփանակերտ – Ղայբալիշեն – Լիսագոր լեռնային և բարդ ռելիեֆ ունեցող ճանապարհը Շուշիի արգելափակված մայրուղին շրջանցող միակ միջհամայնքային ուղին է, և այնտեղ անհրաժեշտ է իրականացնել ճանապարհաշինական աշխատանքներ՝ համեմատաբար անվտանգ ու մատչելի երթևեկություն ապահովելու նպատակով։  Օգտագործելով զենք-զինամթերք տեղափոխելու կեղծ թեզը՝ ադրբեջանական կողմը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը և կեղծ տեղեկատվական հող նախապատրաստել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ հետագա սադրանքների համար։

    Մարտի 25-ին ադրբեջանական զինուժը Շուշի-Լիսագոր հատվածում խախտել է արցախա-ադրբեջանական շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: Արցախի իշխանությունները հերթական կոպիտ խախտման մասին անմիջապես տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ 

    Շուշի-Լիսագոր հատվածում՝ Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն: Նրանք միևնույն ժամանակ  բանակցություններ են սկսել ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք: Դրան զուգահեռ Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են  համապատասխան քայլեր՝ կանխելու ադրբեջանական հնարավոր հետագա սադրանքները և, անհրաժեշտության դեպքում, ապահովելու տվյալ լեռնային ճանապարհի անվտանգ կիրառումը:

    Մարտի 26-ին Արցախի ՆԳՆ Ոստիկանությունը հայտնել է, որ Սոս գյուղի 2 բնակիչ, խաղողի այգում էտման և մաքրման աշխատանքներ կատարելիս, հայտնվել են ադրբեջանական դիրքերից հրաձգային զենքերով արձակվող անկանոն կրակոցների տակ։ 

    Նույն օրը Թաղավարդ գյուղի 2 բնակիչ, ցորենի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, նույնպես հայտնվել են ադրբեջանցի զինծառայողների կրակոցների թիրախում։ 

    Մարտի 26-ին Մարտակերտ շրջկենտրոնում նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական մարտական դիրքերից բանվորների ուղղությամբ հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ են արձակվել:

    Մարտի 27֊ին` ժամը 9։00֊ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը  փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ֊Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման  առաջխաղացման փորձը կասեցվել է։

    Նշված սադրանքներից, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Բոլոր տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։

    2. Արցախի ԱԳՆ-ն տարածել է հայտարարություն՝ Ադրբեջանի կողմից շփման գիծը խախտելու վերաբերյալ 


    Մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, հատել են Արցախի Հանրապետության զինված ուժերի հետ շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի տարածքում՝ Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ:

    Նման գործողություններով Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել Արցախի շրջափակումը` խզելով միակ կապը մայրաքաղաք Ստեփանակերտի և հանրապետության Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև։ 

    Ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը գործնական քայլեր կձեռնարկի՝ վերացնելու Ադրբեջանի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների հերթական խախտման հետևանքները, ինչպես նաև կանխարգելելու նոր հնարավոր խախտումները:

    Նման պայմաններում հրամայական է միջազգային հանրության կողմից միասնական կոշտ դիրքորոշման որդեգրումը՝ ստիպելու Ադրբեջանին վերադառնալ իրավական դաշտ և կատարել իր միջազգային պարտավորությունները։

    3. Քաղաքացիական պաշտպանությանն առնչվող հարցերի շուրջ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ պետնախարարի գլխավորությամբ


    Քննարկվել է մի խումբ հարցեր կառավարության որոշմամբ իրավակարգավորման ենթարկելու անհրաժեշտությունը, ծրագրվել է ամբողջությամբ վերանայել ռազմական դրության ժամանակ զինապարտ քաղաքացիներին անվանական ամրագրման առկա մոտեցումը, նախատեսվել է կառավարության որոշմամբ սահմանել այն մասնագիտությունները և ծառայությունները, որոնց տիրապետող կամ որոնք մատուցող անձինք կարող են ներգրավվել քաղաքացիական պաշտպանության աշխատանքներին, պլանավորվել է ամբողջությամբ օգտագործել արցախյան պատերազմի վետերանների, հաշմանդամների ու այլ անձանց հնարավորություններն այնպես, որպեսզի ամբողջությամբ վերացվի քաղաքացիական պաշտպանության աշխատանքներին զինապարտ քաղաքացիներին ներգրավելու անհրաժեշտությունը:

    Քաղաքացիական պաշտպանության աշխատանքներին ներգրավված յուրաքանչյուր անձ առաջիկայում կստանա համապատասխան քարտ, որում նշված կլինի նրա դերը, առաջադրված խնդիրը և պարտականությունները:

    4. Մարտի 24-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 12 հիվանդ տեղափոխվել է Հայաստան


    Եվս 8 բուժառու, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

    Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը շարունակում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։

    Մարտի 27-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 215 հիվանդ:

    5. Աշխատանքային այցով Հարավային Ամերիկայում գտնվող Արցախի ՄԻՊ-ը հանդիպումներ է ունեցել


    Աշխատանքային այցով Հարավային Ամերիկայում գտնվող Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Հայաստանի ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանի, ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախմբի պատասխանատու Արամ Մուրադյանի հետ հանդիպել է Արգենտինայի Ազգային կոնգրեսի պատգամավորների պալատի անդամներ Մոնիկա Ֆեյնի և Խուան Մարտին Մուսակիոյի հետ: 

    Հանդիպման ժամանակ Գեղամ Ստեփանյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի և մարդու իրավունքների լայնածավալ խախտումների վերաբերյալ՝ ընդգծելով, որ շրջափակման վերացման և ադրբեջանական անպաժելիությանը հակազդելու համար հայ ժողովուրդը ակնկալում է միջազգային հանրության և առանձին պետությունների գործնական աջակցությունը:

    Պաշտպանն այցելել է նաև Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Մոնտեվիդեոյի նահանգային օրենսդիր մարմին և մասնակցել օրենսդիր մարմնի կողմից Արցախի անկախության ճանաչմանը նվիրված միջոցառմանը։

    Օրվա վիճակագրական թարմացումներ

    Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 950 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

    Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 215 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում։

    Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3,900 անձինք, ներառյալ՝ 570 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:

    Ստեփանակերտ-Գորիս մայրուղով ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 186 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (107 օրվա ընթացքում մարդկանց 262,150-ի փոխարեն՝ 1,408 մուտք և ելք):

    Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների մեքենաների շարժը գրեթե 45 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (107 օրվա ընթացքում 98,440-ի փոխարեն՝ 2,207 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից):

    Շուրջ 11 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (107 օրվա ընթացքում մոտ 42,800 տոննայի փոխարեն՝ 3,771 տոննա):

    Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 41 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 78 օր շարունակ: Դա հանգեցրել է օրական վեցժամյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:

    782 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 18.3%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

    Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 9,800 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։ 

    Դադարել են 32.6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։

    Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 200 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 22 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:

    Կարևոր փաստեր

    2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը արգելափակել է բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհով (Լաչինի միջանցքով), բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների։

    Ադրբեջանական ահաբեկչական հանցագործությունների հետևանքով Արցախի 120,000 բնակչությունն ունի սննդի, դեղորայքի, վառելիքի և շատ այլ կենսական նշանակության ապրանքների խիստ սղություն: Նրանք առերեսվում են նաև ծանր խնդիրների ջեռուցման, կրթության, առողջապահության և կյանքի այլ հիմնական ոլորտների հետ կապված, որոնք հանգեցրել են հումանիտար լուրջ ճգնաժամի և մարդու հիմնարար իրավունքների խախտումների։

    Շրջափակման պայմաններում սննդի սղության պատճառով հունվարի 9-ից մասնակի է աշխատում 20 երկարօրյա ուսումնական հաստատություն, իսկ տարբեր ժամանակահատվածներում՝ լրիվությամբ կամ մասնակիորեն դադարել էին նաև մանկապարտեզների ու դպրոցների աշխատանքները։ 

    Շրջափակման հենց սկզբից կտրուկ պակասեցին և այնուհետև բացակայեցին մի շարք սննդատեսակներ, հատկապես՝ բանջարեղենի ու մրգերի գրեթե բոլոր տեսակները, քանի որ դրանք ներկրվում էին Հայաստանից: Հաշվի առնելով սննդամթերքի սղությունը ՝ Արցախում հունվարի 20-ից գործում է հատուկ կտրոնային համակարգ, որի շրջանակներում սահմանափակ ծավալով վաճառվում են՝ մակարոնեղեն, հնդկաձավար, բրինձ, շաքարավազ, ձեթ, միրգ, բանջարեղեն, ձու, ինչպես նաև՝ ոչ պարենային ապրանքատեսակներից լվացքի փոշի:

    Շրջափակման հարուցած հումանիտար ճգնաժամն էլ ավելի սրելու նպատակով Ադրբեջանը թիրախավորել է նաև Արցախի քաղաքացիական կենսական ենթակառուցվածքները՝ պարբերաբար ընդհատելով Հայաստան-Արցախ գազամատակարարումը և հունվարի 9-ից ամբողջությամբ անջատելով էլեկտրամատակարարումը: Հաշվի առնելով, որ էլեկտրաէներգիայի ներքին արտադրության ծավալները շատ ավելի քիչ են, քան՝ սպառումը, իսկ Սարսանգի ջրամբարի ջրային պաշարներն էլ գնալով նվազում են՝ հունվարի 10-ից Հանրապետությունն անցել է 2-ժամյա հովհարային անջատումների, հունվարի 17-ից՝ 4-ժամյա, իսկ հունվարի 21-ից՝ 6-ժամյա:

    Շրջափակման ծանր հետևանքների մանրամասները ներկայացված են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի վերջին զեկույցում, որը վերնագրված է՝ «Զեկույց Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շրջափակման հետեւանքով մարդու անհատական եւ հավաքական իրավունքների խախտումների մասին (100 օր)»:
    Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, իսկ Եվրոպական խորհրդարանում Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների մասին բանաձև է ընդունվել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը։ ՄԱԿ—ի Արդարադատության միջազգային դատարանը (Հաագա) քննարկել է այն Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում և պարտավորեցրել Ադրբեջանին ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով: Սակայն առ այսօր Ադրբեջանը ոչինչ չի արել միջազգային բարձրագույն դատական ատյանի պարտադիր կատարման որոշումը իրագործելու համար, ավելին՝ լրացուցիչ իրավախախտումներ է իրականացրել արցախցիների նկատմամբ, այդ թվում՝ դիվերսիոն հարձակմամբ սպանելով 3 ոստիկանի և անընդհատ սրելով իրավիճակը ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ։

    https://mailchi.mp/63159b1b3f2b/day107am

    Կարող եք կարդալ

    Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը

    «Կասեցնել օկուպացված Արցախի բնակեցումը թուրքերով, ապահովել արցախցիների վերադարձը»․ պահանջ՝ ԵԱՀԿ գործող նախագահին

    Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ այսօր բողոքի ցույց են արել արցախցիները, նաեւ իրավապաշտպաններ ու հանրային գործիչներ՝ իրենց ձայնն ուղղելով Հայաստան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջեին։ Ցույցի մասնակիցները պարզել են «Պահանջում ենք արցախցիների վերադարձ հայրենիք» գրությամբ պաստառներ։ Նրանք պահանջում են Արցախից բռնի տեղահանված փախստականների վերադարձի ապահովում։ […]

    Կարդալ

    In Nagorno-Karabakh, Ilham Aliyev implemented this strategy in clear view of the international community. | Anthony Pizzoferrato/Middle East Images/AFP via Getty Images

    The ICC should consider the new Armenian genocide petition

    This isn’t just about the Armenian community in Nagorno-Karabakh — it’s focused on different forms of genocide committed against Armenians in Armenia itself. MAY 10, 2024  BY LUIS MORENO OCAMPO Luis Moreno Ocampo was the first Chief Prosecutor of the International Criminal Court. December 2023 marked the 75th anniversary of the Genocide Convention’s adoption. And yet, here […]

    Կարդալ

    Սամվել Շահրամանյանն այցելել է Եռաբլուր պանթեոն. Նրան ուղեկցել են Արցախի պաշտոնյաներ, պատգամավորներ

    Այսօր՝ մայիսի 9-ի առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոն է այցելել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը: Նրան ուղեկցել են Արցախի կառավարության անդամներ, Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ, հոգեւորականներ, այդ թվում Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը: Վերջիններս տերունական աղոթք են հնչեցրել: Սամվել Շահրամանյանը չպատասխանել լրագրողների հարցերին: Հիշեցնենք` մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել` Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային […]

    Կարդալ