Նույն օրը՝ ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել Թաղավարդ գյուղի 6 բնակչի ուղղությամբ, որոնք ցորենի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ էին իրականացնում։
Միջադեպերի պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։
Ինչպես հայտնել է Արցախի ՆԳ նախարարությունը, արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։
ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ Տեղ-Կոռնիձոր գրունտային ճանապարհը երթևեկելի է, և, հաշվի առնելով Արցախի շարունակվող շրջափակումը, դրանով հնարավոր է իրականացնել Արցախի հումանիտար մատակարարումները ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: Այդ ճանապարհն, ի դեպ, Արցախի Հանրապետության սահմանին՝ Հակարի գետի կամրջի մոտ վերահսկվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից։
Մարտի 25-ից Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Եղծահող և Լիսագոր համայնքների հետ հրատապ կապի համար օգտագործվող Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր լեռնային գրունտային ճանապարհն անվտանգության նկատառումներով արդեն հնարավոր չէ օգտագործել, քանի որ Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը, կրակային ուղիղ վերահսկողության տակ են վերցրել ճանապարհը։
Այդ պատճառով նշված համայնքները առերեսվում են լուրջ հումանիտար մարտահրավերների հետ, որոնք կապված են Ստեփանակերտից բժշկական օգնություն, սնունդ և այլ հումանիտար ծառայություններ ստանալու անհնարինության հետ։ Բացի դրանից, ինչպես հայտնում են համայնքապետերը, Արցախի արտակարգ ծառայություններն ի վիճակի չեն գյուղացիներին անհրաժեշտ և ժամանակին օգնություն ցուցաբերել։
Նշված խնդիրներին գումարվում է նաև այն, որ Շուշիի շրջանի գյուղերի բնակիչներից նրանք, ովքեր աշխատում են Ստեփանակերտում, ներկայումս զրկված են աշխատանքից։ Կան նաև ուսանողներ, որոնք այս պահին սովորում են Ստեփանակերտում և զրկված են հարազատ գյուղում ապրող ծնողներին այցելելու հնարավորությունից։
Մեկնաբանության մեջ, մասնավորապես, ասված է․ «Հանդիպման վայրի և օրակարգի հետ կապված ադրբեջանական կողմի հնչեցրած պայմանները, ինչպես նաև համատեքստը, որում ներկայացվել է տվյալ առաջարկը, վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունների նպատակը ոչ թե առկա խնդիրների շուրջ իրական քննարկումն է, այլ հնարավոր երկխոսության խաթարումը կամ հարկադրանքի, շրջափակման, կյանքի անտանելի պայմանների ստեղծման և ռազմական ուժի կիրառման միջոցով սեփական քաղաքական օրակարգի պարտադրումը։
Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը, նախորդ հանդիպումների անցկացման արդեն իսկ ձևավորված պրակտիկայի համաձայն, Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության միջնորդությամբ և նրանց հրամանատարության տեղակայման վայրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Արցախի ժողովրդի բնականոն կենսագործունեության ապահովման և կողմերի ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացման, մասնավորապես, Լաչինի միջանցքի անխափան գործունեության հետ կապված հարցերը»։
Հաշվի առնելով սննդամթերքի սղությունը ՝ Արցախում հունվարի 20-ից գործում է հատուկ կտրոնային համակարգ, որի շրջանակներում սահմանափակ ծավալով վաճառվում են՝ մակարոնեղեն, հնդկաձավար, բրինձ, շաքարավազ, ձեթ, միրգ, բանջարեղեն, ձու, ինչպես նաև՝ ոչ պարենային ապրանքատեսակներից լվացքի փոշի:
Մարտի 30-ից սկսվել են նոր կտրոնների պատրաստման ու տրամադրման նախապատրաստական աշխատանքները։ Նախկինում տրված կտրոնները հնարավոր է կիրառել մինչև ապրիլի 10-ը, իսկ նոր կտրոններ կարող են ստանալ բոլորը՝ անկախ հին կտրոնների օգտագործման հանգամանքից:
Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն այցելել է Ուրուգվայի խորհրդարան և հանդիպել Սենատի անդամների և տեղի հայկական կառույցների ներկայացուցիչների հետ։
Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է Ադրբեջանի գործողությունների արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի ու դրա պատճառով առաջացած մարդու իրավունքների խախտումների մասին։
Օրվա վիճակագրական թարմացումներ
Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 980 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 229 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում։
Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3,900 անձինք, ներառյալ՝ 570 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:
Ստեփանակերտ-Գորիս մայրուղով ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 186 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (110 օրվա ընթացքում մարդկանց 269,500 -ի փոխարեն՝ 1,453 մուտք և ելք):
Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների մեքենաների շարժը գրեթե 46 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (110 օրվա ընթացքում 101,200-ի փոխարեն՝ 2,234 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից):
Շուրջ 12 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (110 օրվա ընթացքում մոտ 44,000 տոննայի փոխարեն՝ 3,823 տոննա):
Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 44 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 81 օր շարունակ: Դա հանգեցրել է օրական վեցժամյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:
782 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 18.3%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 9,800 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։
Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։
Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 210 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 23 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:
Կարևոր փաստեր
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը արգելափակել է բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհով (Լաչինի միջանցքով), բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների։
Ադրբեջանական ահաբեկչական հանցագործությունների հետևանքով Արցախի 120,000 բնակչությունն ունի սննդի, դեղորայքի, վառելիքի և շատ այլ կենսական նշանակության ապրանքների խիստ սղություն: Նրանք առերեսվում են նաև ծանր խնդիրների ջեռուցման, կրթության, առողջապահության և կյանքի այլ հիմնական ոլորտների հետ կապված, որոնք հանգեցրել են հումանիտար լուրջ ճգնաժամի և մարդու հիմնարար իրավունքների խախտումների։
Շրջափակման պայմաններում սննդի սղության պատճառով հունվարի 9-ից մասնակի է աշխատում 20 երկարօրյա ուսումնական հաստատություն, իսկ տարբեր ժամանակահատվածներում՝ լրիվությամբ կամ մասնակիորեն դադարել էին նաև մանկապարտեզների ու դպրոցների աշխատանքները։
Շրջափակման հենց սկզբից կտրուկ պակասեցին և այնուհետև բացակայեցին մի շարք սննդատեսակներ, հատկապես՝ բանջարեղենի ու մրգերի գրեթե բոլոր տեսակները, քանի որ դրանք ներկրվում էին Հայաստանից: Հաշվի առնելով սննդամթերքի սղությունը ՝ Արցախում հունվարի 20-ից գործում է հատուկ կտրոնային համակարգ, որի շրջանակներում սահմանափակ ծավալով վաճառվում են՝ մակարոնեղեն, հնդկաձավար, բրինձ, շաքարավազ, ձեթ, միրգ, բանջարեղեն, ձու, ինչպես նաև՝ ոչ պարենային ապրանքատեսակներից լվացքի փոշի:
Շրջափակման հարուցած հումանիտար ճգնաժամն էլ ավելի սրելու նպատակով Ադրբեջանը թիրախավորել է նաև Արցախի քաղաքացիական կենսական ենթակառուցվածքները՝ պարբերաբար ընդհատելով Հայաստան-Արցախ գազամատակարարումը և հունվարի 9-ից ամբողջությամբ անջատելով էլեկտրամատակարարումը: Հաշվի առնելով, որ էլեկտրաէներգիայի ներքին արտադրության ծավալները շատ ավելի քիչ են, քան՝ սպառումը, իսկ Սարսանգի ջրամբարի ջրային պաշարներն էլ գնալով նվազում են՝ հունվարի 10-ից Հանրապետությունն անցել է 2-ժամյա հովհարային անջատումների, հունվարի 17-ից՝ 4-ժամյա, իսկ հունվարի 21-ից՝ 6-ժամյա:
Swiss Parliament’s Upper House Committee also approves resolution on the return of Artsakh Armenians
The Foreign Affairs Committee of the Council of States (EPC-E, Upper house of Switzerland’s parliament) at its meeting of 21 January 2025, “examined the motion 24.4259 “Nagorno-Karabakh Peace Forum. Allowing the return of the Armenian population” tabled by its sister committee and adopted by the National Council in the winter 2024 session. The EPC-E adopted […]
Press Statement by the Committee for the Defense of the Fundamental Rights of the People of Nagorno-Karabakh*
January 20, 2025 The President of Azerbaijan and the Prime Minister of Armenia are set to attend the World Economic Forum in Davos, Switzerland, from January 20 to 24, with a bilateral meeting likely to take place. Additionally, a trilateral meeting involving Mr. Ignazio Cassis, Head of the Swiss Federal Department of Foreign Affairs, may […]
Global Coalition Backs Right of Artsakh’s Armenian Refugees to Return Home
9 January 2025 – Europeans for Artsakh, a civic initiative spanning more than 50 cities across Europe, joins the global coalition endorsing international talks toward “the universally recognized right of indigenous Artsakh Armenian refugees to a collective, protected, and dignified return home.” 27 November 2024 – — Faith-Based and Civil Society Groups Call for an […]