CONTACT

    May 15, 2024

    7:48 pm

    Արցախի կառավարության տեղեկագիր – շրջափակման 71-րդ օր

    Կվերսկսվի գազով ջեռուցվող կրթօջախների դասագործընթացը, որը դադարեցվել էր Ադրբեջանի կողմից Արցախի գազամատարարման խափանման պատճառով


    Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ, հաշվի առնելով գազամատակարարման մասնակի վերականգնումը, փետրվարի 20-ից կվերսկսվի գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) ու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը, որը փետրվարի 7-ից կասեցված էր Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանման պատճառով։ 

    Ադրբեջանը պարբերաբար արգելափակում է Արցախը Հայաստանից սնուցող միակ գազատար խողովակը` Արցախի բնակչությանը կանգնեցնելով լրացուցիչ հումանիտար ճգնաժամի առաջ։ Բացի ջեռուցման և այլ սուր խնդիրների հարուցումից՝ Ադրբեջանը այդ քայլով խաթարում է նաև գազով ջեռուցվող բազմաթիվ ուսումնական հաստատությունների դասագործընթացը, ինչը կոպտորեն խախտում է երեխաների կրթություն ստանալու կարևորագույն իրավունքը։

    Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն առցանց հանդիպում է ունեցել շուրջ 40 բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք շարունակվող շրջափակման պայմաններում աջակցություն են ցուցաբերում Արցախին


    Պետնախարարը ներկայացրել է իրավիճակն Արցախում՝ նշելով, որ ճգնաժամը չի արտահայտվում միայն սննդի կամ վառելիքի բացակայությամբ, այն խորքային ազդեցություն է ունենում հանրային կյանքի բոլոր ոլորտների վրա. «Շրջափակումը խնդիրներ է առաջացրել ոչ միայն ամենօրյա կյանքում, այլև տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում։ Մեր տնտեսությունն ամեն օր հսկայական վնասներ է կրում»։

    Պետնախարարը ներկայացրել է նախանշված կարեւոր ուղղություններով կատարվող աշխատանքները՝ նկատելով, որ դրանցից առաջինի՝ Արցախի սուբյեկտայնության բարձրացման առումով կարևոր դեր ունեն նաև բարեգործական կազմակերպությունները։

    Ռուբեն Վարդանյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է տարբեր՝ առողջապահության, սոցիալական, ենթակառուցվածքների ոլորտների ծրագրերն ու առաջնային անելիքները՝ կարևորելով հատկապես թիրախային աջակցությունը:

    Կան որոշ փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ Ադրբեջանը գազագողություն է իրականացնում Արցախ մտնող միակ գազատար խողովակից


    Ադրբեջանական կողմը 2022թ. մարտի 8-ին Շուշիի շրջանի «Զառսլիի» հատվածում պայթեցրել է Հայաստանից դեպի Արցախ մտնող միակ մայրուղային գազատարը և որոշ ժամանակ անց այն վերանորոգել` «Արցախգազ» ընկերության աշխատակիցներին չթույլատրելով մասնակցել վերանորոգման աշխատանքներին:

    «Արցախգազ» ՓԲ ընկերության Ստեփանակերտի արտադրաշահագործման տեղամասի պետ Սամվել Սահակյանի խոսքով՝ գազատարի շահագործումը վերսկսելուց հետո պարզ է դարձել, որ դրա վրա փական է տեղադրված և կողմնակի միացում է կատարվել, այսինքն` գազագողություն է իրականացվում:

    «Սկսած 2022թ. դեկտեմբերից՝ հակառակորդի կողմից Արցախի Հանրապետության գազամատակարարումը խափանվել է 8 անգամ: Բացի այդ, գազամատակարարման արգելափակումների և վերականգնումների միջակայքում, մի շարք անգամ էլ գազատարն արգելափակել են ոչ թե ամբողջությամբ, այլ` 50 տոկոսով, հետո գազամատակարարման ծավալը դարձել է 70 տոկոս, 10 տոկոս և այսպես շարունակ: Ընդ որում նման գործողություններն իրականացվել են օրական մի քանի անգամ կամ մի քանի օրը մեկ:

    Ընդհանուր առմամբ՝ 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև ընթացիկ տարվա փետրվարի 13-ը շուրջ 27 նման դեպք է գրանցվել»,-մանրամասնել է Սամվել Սահակյանը ՝ համոզմունք հայտնելով, որ Ադրբեջանի կողմից փորձ է արվում ստեղծել վթարային իրավիճակներ, որոնք կարող են հանգեցնել դժբախտ պատահարների և բնակչության մեջ վախի մթնոլորտ ստեղծել:

    Օրվա վիճակագրական թարմացումներ

    7 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

    14 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

    Արդեն 273 երեխա ծնվել է շրջափակման մեջ:

    Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 680 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

    Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 105 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

    755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

    Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ 

    Ավելի քան 28,000 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

    Կարևոր փաստեր

    Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը քննարկվել է նաև  ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում։ Եվրոպական խորհրդարանում Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների մասին բանաձև է ընդունվել։

    https://mailchi.mp/cf1f30ac98fb/day71am

    Կարող եք կարդալ

    Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը

    «Կասեցնել օկուպացված Արցախի բնակեցումը թուրքերով, ապահովել արցախցիների վերադարձը»․ պահանջ՝ ԵԱՀԿ գործող նախագահին

    Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ այսօր բողոքի ցույց են արել արցախցիները, նաեւ իրավապաշտպաններ ու հանրային գործիչներ՝ իրենց ձայնն ուղղելով Հայաստան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջեին։ Ցույցի մասնակիցները պարզել են «Պահանջում ենք արցախցիների վերադարձ հայրենիք» գրությամբ պաստառներ։ Նրանք պահանջում են Արցախից բռնի տեղահանված փախստականների վերադարձի ապահովում։ […]

    Կարդալ

    In Nagorno-Karabakh, Ilham Aliyev implemented this strategy in clear view of the international community. | Anthony Pizzoferrato/Middle East Images/AFP via Getty Images

    The ICC should consider the new Armenian genocide petition

    This isn’t just about the Armenian community in Nagorno-Karabakh — it’s focused on different forms of genocide committed against Armenians in Armenia itself. MAY 10, 2024  BY LUIS MORENO OCAMPO Luis Moreno Ocampo was the first Chief Prosecutor of the International Criminal Court. December 2023 marked the 75th anniversary of the Genocide Convention’s adoption. And yet, here […]

    Կարդալ

    Սամվել Շահրամանյանն այցելել է Եռաբլուր պանթեոն. Նրան ուղեկցել են Արցախի պաշտոնյաներ, պատգամավորներ

    Այսօր՝ մայիսի 9-ի առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոն է այցելել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը: Նրան ուղեկցել են Արցախի կառավարության անդամներ, Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ, հոգեւորականներ, այդ թվում Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը: Վերջիններս տերունական աղոթք են հնչեցրել: Սամվել Շահրամանյանը չպատասխանել լրագրողների հարցերին: Հիշեցնենք` մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել` Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային […]

    Կարդալ