CONTACT

    May 15, 2024

    8:03 pm

    Արցախի կառավարության տեղեկագիր – շրջափակման 72-րդ օր

    Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է ընդունել արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-ամյակի կապակցությամբ


    35 տարիների ընթացքում համահայկական տիրույթում իրագործված ազգային ամեն մի ծրագրի գաղափարական հենքը 1988-ի իրադարձություններն էին: Երեք ու կես տասնամյակների ընթացքում մենք անցել ենք բազմաթիվ փորձությունների միջով: Այսօր էլ Ադրբեջանը շրջափակման միջոցով փորձում է կոտրել արցախահայության կամքը: ՊԱՅՔԱՐԸ պետք է դառնա մեր կյանքի բոլոր ասպարեզների կարգախոսը:

    Արտահայտելով Արցախի ժողովրդի կամքն ու ցանկությունները` Արցախի Հանրապետության Ազգային ժողովը՝

    կոչ է անում միջազգային կառույցներին և ՄԱԿ-ի անդամ, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ հայտարարություններից և հորդորներից զատ, գործնական քայլերով՝ քաղաքական, տնտեսական, ռազմական գործիքակազմերով, կանխել Ադրբեջանի էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականությունը:

    դիմում է Սփյուռքի և ՀՀ մեր հայրենակիցներին՝ հայ ժողովրդի արժանապատվությունը և լինելիությունը պաշտպանելու նպատակով համախմբել հայության ներուժը և համապատասխան քայլեր ձեռնարկել՝ սանձելու Ադրբեջանի ծավալապաշտական ու ագրեսիվ գործողությունները:

    Արցախի Հանրապետության Ազգային ժողովը` որպես ժողովրդի ձայնը ներկայացնող հավաքական մարմին, հավատարիմ է մարդու հիմնարար իրավունքներին և, առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրության արժեքներով ու սկզբունքներով, վճռական է տրամադրված՝ իրացնելու իր պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու համաժողովրդական կամքը: Մեր խոնարհումը բերելով բոլոր ժամանակներում հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ իրենց կյանքը նվիրաբերած հազարավոր նահատակների հիշատակին, պատրաստակամ ենք շարունակել նրանց սուրբ գործը՝ հաղթական հանգրվանի հասնելու համար:

    Համայն հայությանը և Արցախի բարեկամներին շնորհավորելով հիշարժան տոնի կապակցությամբ, լիահույս ենք, որ փետրվարյան զարթոնքը նոր լիցք կդառնա համազգային իղձերի իրականացման ճանապարհին»:

    Արցախի Հանրապետության նախագահը, ԱԺ նախագահը և պետական նախարարը  ուղերձներ են հղել Արցախյան շարժման 35-ամյակի առթիվ


    ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձում, մասնավորապես, ասված է․
     «1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի պատմության մեջ մտավ որպես շրջադարձային ու վճռորոշ օր և դարձավ մեր ազգային ոգու վերածննդի, համայն հայության միասնականության ու համախմբման խորհրդանիշ: Այն նշանավորվեց որպես Արցախի վերածննդի օր:

    35 տարի հետո էլ մեր որոշումը մնում է անփոփոխ, ոգին՝ անկոտրում, ուղին՝ անշեղ: Ավելի քան երկու ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովուրդն իր տոկունությամբ ու հաստատակամությամբ ապացուցեց, որ ինչպես պատմական 88-ին, այնպես էլ այսօր տեր է իր ընդունած որոշմանը, տեր է իր ընտրած ուղուն և իր պապերի հողին, որը միշտ եղել է ու պետք է լինի հայկական»։

    ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի ուղերձում, մասնավորապես, ասված է․
    «Պայքարի ոգի ներարկած փետրվարյան ազգային վերածննդի շունչը և մեր հայրենիքի, պետականության համար թափված արյունն ու քրտինքը ներկա օրերում մեզ համար նոր ոգորումների մղիչ պետք է հանդիսանան: Դա է արցախցու կենսունակության ու հարատևության բանաձևը: 

    Մեր ազգային հպարտությունն աներեր է: Այն ոչ ոք չի կարող խաթարել: Մենք վճռական ենք մեր պայքարում: Անսասան է իր պատմական հայրենիքում ապրելու, արարելու արցախցու կամքը:»:

    ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ուղերձում, մասնավորապես, ասված է․
    «Եթե չլիներ շարժումը, մենք  կորցրած կլինեինք  ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը: 

    Արցախի ժողովուրդը  շարունակում է պայքարել ազատ, անկախ, արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի համար, այն բանի համար, որ մեր գլխին չկախվի էթնիկ զտման ու հայրենիքից արտաքսվելու սպառնալիքը: Դրան ի պատասխան հարևան Ադրբեջանի կողմից ստացել ենք պատերազմներ, մարդկային կորուստներ ու բարդ փորձություններ, որոնք շարունակվում են այսօրվա շրջափակման ու մեզ պատճառված դժվարությունների տեսքով: 

    Բոլոր փորձություններով հանդերձ՝ Արցախը հայկական պահելու մեր կամքն անսասան է մնում: Բոլոր նրանք, ովքեր քննարկում են ու փորձում առանց մեզ վճռել Արցախի ճակատագիրը, այդպես էլ չեն հասկանում, որ մեր ճակատագիրը մենք մեր ձեռքն ենք վերցրել 35 տարի առաջ այս օրը»: 

    Նախագահ Հարությունյանը Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել


    Արցախյան շարժման 35-ամյակի առթիվ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 20-ին բարձրաստիճան պետական այրերի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել:

    Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-ամյակի կապակցությամբ


    «Չնայած անհավանական դժվարություններին և փորձություններին՝ Արցախի ժողովուրդը շարունակում է իր պայքարը հանուն պատմական հայրենիքում իր ազատ և անկախ գոյության՝ այդպիսով իրացնելով միջազգային իրավունքով, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ժողովուրդների ինքնորշման իրավունքը»,- նշված է հայտարարության մեջ։ 

    Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը փետրվարի 12-16-ն աշխատանքային այցով գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում


    Այցի ընթացքում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել հասարակական, քաղաքական, փորձագիտական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

    Օրվա վիճակագրական թարմացումներ

    6 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

    12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

    Արդեն 277 երեխա ծնվել է շրջափակման մեջ:

    Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 690 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

    Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 105 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

    755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

    Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ 

    Ավելի քան 28,400 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

    Կարևոր փաստեր

    Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը քննարկվել է նաև  ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում։ Եվրոպական խորհրդարանում Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների մասին բանաձև է ընդունվել։

    https://mailchi.mp/f052441d9340/day72am

    Կարող եք կարդալ

    Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը

    «Կասեցնել օկուպացված Արցախի բնակեցումը թուրքերով, ապահովել արցախցիների վերադարձը»․ պահանջ՝ ԵԱՀԿ գործող նախագահին

    Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ այսօր բողոքի ցույց են արել արցախցիները, նաեւ իրավապաշտպաններ ու հանրային գործիչներ՝ իրենց ձայնն ուղղելով Հայաստան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջեին։ Ցույցի մասնակիցները պարզել են «Պահանջում ենք արցախցիների վերադարձ հայրենիք» գրությամբ պաստառներ։ Նրանք պահանջում են Արցախից բռնի տեղահանված փախստականների վերադարձի ապահովում։ […]

    Կարդալ

    In Nagorno-Karabakh, Ilham Aliyev implemented this strategy in clear view of the international community. | Anthony Pizzoferrato/Middle East Images/AFP via Getty Images

    The ICC should consider the new Armenian genocide petition

    This isn’t just about the Armenian community in Nagorno-Karabakh — it’s focused on different forms of genocide committed against Armenians in Armenia itself. MAY 10, 2024  BY LUIS MORENO OCAMPO Luis Moreno Ocampo was the first Chief Prosecutor of the International Criminal Court. December 2023 marked the 75th anniversary of the Genocide Convention’s adoption. And yet, here […]

    Կարդալ

    Սամվել Շահրամանյանն այցելել է Եռաբլուր պանթեոն. Նրան ուղեկցել են Արցախի պաշտոնյաներ, պատգամավորներ

    Այսօր՝ մայիսի 9-ի առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոն է այցելել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը: Նրան ուղեկցել են Արցախի կառավարության անդամներ, Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ, հոգեւորականներ, այդ թվում Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը: Վերջիններս տերունական աղոթք են հնչեցրել: Սամվել Շահրամանյանը չպատասխանել լրագրողների հարցերին: Հիշեցնենք` մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել` Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային […]

    Կարդալ