CONTACT

    May 16, 2024

    11:31 am

    Արցախի կառավարության տեղեկագիր – շրջափակման 85-րդ օր

    Ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող 

    Մարտի 5-ին առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում դարանակալել էր ճանապարհամերձ անտառապատ տարածքում, այնտեղից թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ 
     
    Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող. 
     
    Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան 
    Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան 
    Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան 
    Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում: 

    Ադրբեջանական կողմը կեղծ փաստեր է ներկայացնում՝ պնդելով, թե իբր ոստիկանական մեքենայով զենք էր տեղափոխվում Հայաստանից Արցախ․ ՆԳՆ Ոստիկանությունը հերքող տեսանյութ է հրապարակել 

     
    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել մարտի 5-ին «Խայփալու» կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն հարձակումը՝ Ստեփանակերտից հերթափոխի ուղևորված ոստիկանական մեքենայի անձնակազմի վրա փորձելով հիմնավորել կեղծ և սուտ այն թեզով, թե իբր Հայաստանից Արցախ զենքի տեղափոխում է կանխել։ 
     
    Արցախի ՆԳՆ Ոստիկանությունը ադրբեջանական հարձակման տեսանյութ է հրապարակել, որտեղ հստակորեն երևում է մեքենայի շարժի ուղղությունը (Ստեփանակերտից դեպի հերթափոխի վայր`Շուշիի շրջան) և անառարկելիորեն ապացուցում է ադրբեջանական պաշտպանության նախարարության պնդման կեղծ լինելը: 
     
    Նախ, մեքենայում ոչ մի զենք չկար՝ բացի ոստիկանների ծառայողական զենքերից: Երկրորդ, չէր էլ կարող զենքի տեղափոխություն իրականացվել, քանի որ նրանք ոչ թե ՀՀ-ից, այլ Ստեփանակերտից էին շարժվում դեպի իրենց հերթափոխի վայր: 
     
    Տեսանյութում հստակորեն երևում է նաև ադրբեջանական զինծառայողների տեղաշարժը և այն դրվագը, թե ինչպես են մոտենում մեքենային, բացում դուռը և կրկին կրակում ու հետ փախչում: 

    Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ ոստիկանության աշխատակիցների վրա ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման կապակցությամբ 

     
    Ոստիկանների սպանության նախնական հանգամանքների վերլուծությունը թույլ է տալիս որակել ադրբեջանական կողմի գործողությունները որպես պատերազմական հանցագործություն: 
     
    Ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցումն Արցախի Հանրապետության տարածք և հարձակումն Արցախի ոստիկանության աշխատակիցների վրա 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության հերթական աղաղակող խախտում է և ցույց է տալիս լարվածության աճ հրահրելու ադրբեջանական կողմի ձգտումը: 
     
    Ավելի վաղ՝ մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը, Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները նույնպես խախտել էին 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը։ Հատկանշական է, որ այդ հարձակումներն իրագործվել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ մարտի 1-ին կայացած շփումներից անմիջապես հետո: Իր գործողություններով Բաքուն բացահայտ կերպով ցուցադրում է բանակցությունների՝ որպես որևէ հարցի լուծում գտնելու միջոցի ժխտում: 

    Միջազգային հանրությունը գործ ունի հանցավոր վարչախմբի և միջազգային իրավունքը լկտիաբար անտեսող և հեղինակազրկող սուբյեկտի հետ, որին համոզելու միակ ճանապարհը զսպիչ և պատժիչ միջոցառումների իրականացումն է. Արցախի ՄԻՊ 

     
    Երկուսուկես ամիս շարունակվող շրջափակման պայմաններում ադրբեջանական կողմը վերջին օրերին դիմում է նաև զինված հարձակումների՝ տարբեր ուղղություններով թիրախավորելով նաև գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիներին և գյուղտեխնիկան։ 
     
    Միջազգային ողջ համայնքի՝ առաջնահերթորեն ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամ երկների՝ որպես միջազգային խաղաղության պահպանման պարտականություն ունեցող կառույցի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) համար առավել քան ակնհայտ պետք է լինեն Ադրբեջանի նկրտումներն ու Արցախը էթնիկ զտման ենթարկելու նպատակները։ 
     
    2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատումից հետո հազարավոր փաստեր և վկայություններ են ներկայացվել ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ, սակայն շարունակվում է նույն կաղապարային մոտեցումը հարցի շուրջ։ Վերջապես պետք է դուրս գալ հակամարտության վերաբերյալ կաղապարային մոտեցումներից և ձևակերպումներից, պետք է հաղթահարել երկակիության բարդույթն ու իրավիճակին նայել այնպես, ինչպիսին որ այն կա։ 

    Օրվա վիճակագրական թարմացումներ 

    Արդեն 320 երեխա ծնվել է շրջափակման մեջ: 

    Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 780 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ 

    Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 144 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում: 

    755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։ 

    Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։  

    Ավելի քան 33,200 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը` շուրջ 2,530 տոննա ապրանք՝ գերակշիռ մասը սնունդ ու դեղորայք:  
     
    Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 150 մլն ԱՄՆ դոլլարի վնաս՝ հանգեցնելով ավելի քան 16 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը: 

      Կարևոր փաստեր 

      Շրջափակման պայմաններում սննդի սղության պատճառով հունվարի 9-ից մասնակի է աշխատում 20 երկարօրյա ուսումնական հաստատություն, իսկ տարբեր ժամանակահատվածներում՝ լրիվությամբ կամ մասնակիորեն դադարել էին նաև մանկապարտեզների ու դպրոցների աշխատանքները։  

      Շրջափակման հենց սկզբից կտրուկ պակասեցին և այնուհետև բացակայեցին մի շարք սննդատեսակներ, հատկապես՝ բանջարեղենի ու մրգերի գրեթե բոլոր տեսակները, քանի որ դրանք ներկրվում էին Հայաստանից: Հաշվի առնելով սննդամթերքի սղությունը ՝ Արցախում հունվարի 20-ից գործում է հատուկ կտրոնային համակարգ, որի շրջանակներում սահմանափակ ծավալով վաճառվում են՝ մակարոնեղեն, հնդկաձավար, բրինձ, շաքարավազ, ձեթ, միրգ, բանջարեղեն, ձու, ինչպես նաև՝ ոչ պարենային ապրանքատեսակներից լվացքի փոշի: 

      Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում կտրված է Հայաստան-Արցախ միակ բարձրավոլտ էլեկտրագիծը, և ադրբեջանական կողմը թույլ չի տալիս Արցախի մասնագետներին մուտք գործել և վերականգնել էլեկտրամատակարարումը: Հաշվի առնելով, որ էլեկտրաէներգիայի ներքին արտադրության ծավալները շատ ավելի քիչ են, քան՝ սպառումը, իսկ Սարսանգի ջրամբարի ջրային պաշարներն էլ գնալով նվազում են՝ հունվարի 10-ից Հանրապետությունն անցել է 2-ժամյա հովհարային անջատումների, հունվարի 17-ից՝ 4-ժամյա, իսկ հունվարի 21-ից՝ 6-ժամյա: 

      Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը։ ՄԱԿ—ի Արդարադատության միջազգային դատարանը (Հաագա) քննարկել է այն Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում և պարտավորեցրել Ադրբեջանին ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Եվրոպական խորհրդարանում Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների մասին բանաձև է ընդունվել։ 

      https://mailchi.mp/a86e4c42a48a/day85am

      Կարող եք կարդալ

      Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը

      «Կասեցնել օկուպացված Արցախի բնակեցումը թուրքերով, ապահովել արցախցիների վերադարձը»․ պահանջ՝ ԵԱՀԿ գործող նախագահին

      Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ այսօր բողոքի ցույց են արել արցախցիները, նաեւ իրավապաշտպաններ ու հանրային գործիչներ՝ իրենց ձայնն ուղղելով Հայաստան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջեին։ Ցույցի մասնակիցները պարզել են «Պահանջում ենք արցախցիների վերադարձ հայրենիք» գրությամբ պաստառներ։ Նրանք պահանջում են Արցախից բռնի տեղահանված փախստականների վերադարձի ապահովում։ […]

      Կարդալ

      In Nagorno-Karabakh, Ilham Aliyev implemented this strategy in clear view of the international community. | Anthony Pizzoferrato/Middle East Images/AFP via Getty Images

      The ICC should consider the new Armenian genocide petition

      This isn’t just about the Armenian community in Nagorno-Karabakh — it’s focused on different forms of genocide committed against Armenians in Armenia itself. MAY 10, 2024  BY LUIS MORENO OCAMPO Luis Moreno Ocampo was the first Chief Prosecutor of the International Criminal Court. December 2023 marked the 75th anniversary of the Genocide Convention’s adoption. And yet, here […]

      Կարդալ

      Սամվել Շահրամանյանն այցելել է Եռաբլուր պանթեոն. Նրան ուղեկցել են Արցախի պաշտոնյաներ, պատգամավորներ

      Այսօր՝ մայիսի 9-ի առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոն է այցելել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը: Նրան ուղեկցել են Արցախի կառավարության անդամներ, Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ, հոգեւորականներ, այդ թվում Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը: Վերջիններս տերունական աղոթք են հնչեցրել: Սամվել Շահրամանյանը չպատասխանել լրագրողների հարցերին: Հիշեցնենք` մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել` Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային […]

      Կարդալ